Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարց այս պահին չի քննարկվում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայ դիվանագետը փաստել է, որ այժմ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ զբաղվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպման մշակմամբ, ինչն իր հերթին հիմք կծառայի ապագայում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար:
Ընդ որում, անդրադառնալով լրագրողների այն ճշտմանը, թե արդյոք այսօր կա որոշակի փաստաթուղթ, որի շուրջ կողմերը աշխատում են, Մնացականյանը հիշեցրել է, որ 27 տարի շարունակ ներկայացվել են բազմաթիվ տարբեր փաստաթղթեր: "Այսօրվա դրությամբ բանակցությունները կոնկրետ փաստաթղթի շուրջ չեն ընթանում։ Բայց կցանկանայի նշել, որ Հայաստանի վարչապետը շատ լավ տիրապետում է հակամարտության մասին տեղեկատվությանը, մանրամասն ուսումնասիրում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք մինչ այժմ առաջարկվել են, և ուսումնասիրվում են խաղաղ ճանապարհով հակամարտության լիարժեք կարգավորման հնարավորությունները, որտեղ անկյունաքարը լինելու է Արցախի բնակչության անվտանգությունն ու կարգավիճակը", - ասել է Հայաստանի արտգործնախարարը ։