Արմինֆո. Նախօրեին Երեւանում հարգանքի տուրք են մատուցել 1999թ.հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշակոթողին ծաղիկներ են դրել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ բարձրաստիճան զինվորականներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին, շփվել է զոհերի հարազատների հետ:
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է. "1999թ. հոկտեմբերի 27֊ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական ֊ քաղաքական կյանքում"։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հասարակության շրջանում ահաբեկչության իրական պատվիրատուների մասին կասկածների վերաբերյալ հարցին, նշել է. "Ես առաջին հերթին շահագրգռված եմ, որ այդ գործը բացահայտվի, եթե կան անձինք, որոնք հանցագործներին ուղղորդել են":
Արամ Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ չի կասկածում, որ երկրի ղեկավարությունը շահագրգռված է բացահայտել ահաբեկչության իրական պատվիրատուներին։ Մինչդեռ, նրա խոսքով, դատական համակարգի ներկայիս վիճակը չի երաշխավորում, որ նոր քննության արդյունքների նկատմամբ հնարավոր լինի վստահություն ներշնչել:
"Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով գործի ամբողջական բացահայտման անհրաժեշտության մասին, նշել է, որ մի շարք հարցերի պետք է պատասխանեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նշելով, որ ինքը Տեր-Պետրոսյանին մեղավորների թվին չի դասում, Միքայելյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նա խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բոլորին կոչ էր արել համախմբվել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ անձինք, ներխուժելով խորհրդարան, գնդակահարեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիկ Աբրահամյանին: Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը ՝ Կարեն Հունանյանը, նրանց քեռին ՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը։ Նրանց նկատմամբ դատավարությունը սկսվել է 2001 թվականի փետրվարի 15-ին եւ տեւել երեք տարի։ Ոչ նախաքննությունը, ոչ դատավարությունը դատարանում թույլ չեն տվել վերջնական պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ահաբեկիչները գործել են ինքնուրույն, թե նրանց հետեւում ինչ-որ մեկը կանգնած է եղել: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը Նաիրի և Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել հայրենիքի դավաճանության եւ ահաբեկչության մեջ։
Նախորդ շաբաթ Նաիրի Հունանյանը, ով պատիժը կրում է "Երևան Կենտրոն" քրեակատարողական հիմնարկում, պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդություն է ներկայացրել, որը քննարկման փուլում է: Հունանյանի դիմումի վերաբերյալ հարցը կլուծվի 80-օրյա ժամկետում։