Արմինֆո. <Ինձ կարող են կալանավորել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ>,- <Պրեսսինգ> հաղորդաշարին հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
<Ես կցանկանամ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորները՝ և՛ եվրոպական ստանդարտներով, և՛ Սահմանադրական դատարանի վերջին որոշումներով, արձանագրված՝ դա Քրեական դատավարության 35-րդ հոդվածին էր վերաբերվում, որ մինչև դա նշանակված դատավորները դրան նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն, և ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու և ընդհանրապես քրեական հետապնդում սկսելու, կալանավորելը կարող են միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, թեպետ 2015 թվականի Սահմանադրությամբ դա փոխվել է և ամրագրվել է բացառապես ֆունկցիոնալ անձեռնմխելիություն>,- հայտարարել է Թովմասյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ եթե լինի քաղաքական որոշումը, Թովմասյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը պետք է մնա իր դերում և իրավական որոշում կայացնի, և ցանկացած իրավական որոշում իր համար ընդունելի է:
<Այդ հանգուցալուծումը ինչպիսին կլինի՝ մի բանում եմ ես հետևողական լինելու, որ այդ հանգուցալուծումը պետք է լինի իրավական, այդ հանգուցալուծումը չպետք է լինի մեր իրավական անվտանգության ու սահմանադրականության հաշվին, այդ հանգուցալուծումը չպետք է լինի իմ խղճի դեմ, այդ հանգուցալուծումը չպետք է լինի գործարք>,- ասել է նա:
Նրա խոսքով, այն պահին, երբ ՍԴ հինգ դատավորներ կհայտնեն, որ ինքը չի կատարում իր պարտականությունները, ապա պատրաստ է հրաժարական տալ դատարանի ղեկավարի պաշտոնից: