Արմինֆո.Երեւանում 10 եւ ավելի աշխատակից ունեցող ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձի վճարումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ համապատասխան փոփոխություններ է կատարել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում:
Ներկայացված փաստաթղթի հեղինակ, ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի խոսքով, օրինագիծը նպատակաուղղված է աշխատավարձի վճարման ժամանակ թափանցիկության ապահովմանը: Սակայն, քանի որ հանրապետության մարզերում ենթակառուցվածքը դեռ բավականաչափ զարգացած չէ, ինչի առնչությամբ խնդիրներ են առաջանում աշխատանքի անկանխիկ վճարման դեպքում, առաջարկվում է փաստաթղթի դրույթը տարածել միայն այն ընկերությունների վրա, որոնք գործում են Երեւանում: Նախագիծը, Ինչպես նշել է պատգամավորը, պիլոտային է լինելու։ Փաստաթուղթը կսկսի կիրառվել 2020 թվականի հունվարի 1-ից ։ Հետագայում բանկային համակարգի եւ բանկոմատների ցանցի զարգացմանը զուգնընթաց այդ դրույթը կտարածվի երկրի բոլոր մարզերի վրա:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, իր հերթին, նշել է, որ հանրապետության կենտրոնական բանկը նույնպես մշակում է համանման օրինագիծ, եւ հարցի լուծմանը անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել: Սակայն, ընդհանուր առմամբ, ինչպես նկատել է փոխնախարարը, կառավարությունը դեմ չէ ներկայացված փաստաթղթի կիրառմանը, առավել եւս, հաշվի առնելով ԿԲ-ի այն կարծիքը, որ օրինագիծը չի հակասում իր մշակած փաստաթղթի դրույթներին: