Արմինֆո. Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշել է, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է նաև Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը:
Փոխադարձաբար արժևորվել է Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում և երկու բարեկամ երկրների միջև կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։