Արմինֆո. Լրագրող, ՀՅԴ նախկին անդամ Նաիրի Հունանյանը, որը գլխավորել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված հարձակումը, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել:
Ինչպես պատմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, մոտ երկու շաբաթ առաջ ներկայացված դիմումը քննարկման փուլում է։
Նավիկյանը նաև նշել է, որ Հունանյանը իրավունք ունի նման դիմում ներկայացնել, քանի որ, ՀՀ օրենսդրության համաձայն, ցմահ ազատազրկման դատապարտված անձը 20 տարի պատիժը կրելուց հետո կարող է նման խնդրանքով դիմել: Նաիրի Հունանյանի դիմումը կքննվի օրենքով սահմանված կարգով՝ 80-օրյա ժամկետում։ Հիշեցնենք, որ Հունանյանը ցմահ պատիժը կրում է ՙԵրևան Կնետրոն՚ ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում գնդակահարվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը։
Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, ով որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին ՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը։ Նրանց նկատմամբ դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարին։
2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը Նաիրի և Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին (2004 թվականին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել), Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (2010թ. մայիսին նրա դիակը հայտնաբերվել է "Նուբարաշեն" ՔԿՀ-ում՝ անկողնում):
Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել հայրենիքի դավաճանության եւ ահաբեկչության համար։ ՀՀ վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը։