Արմինֆո. 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Այս մասին տեղեկացնում է Anmmedia.am-ը:
Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի ընտանիքում: 1971 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: Մենահամերգներով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Ժնևում, Վիեննայում, Ցյուրիխում, Մադրիդում, Բուենոս Այրեսում, Նյու Յորքում և այլուր: Համագործակցել է անվանի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի, Օհան Դուրյանի, Եվգենի Սվետլանովի, Յուրի Տեմիրկանովի և կատարողների՝ Բ. Վենգերովի, Դ. Գերինգասի, Ե. Կիսինի, Դ. Ֆիլիպսի հետ: Մասնակցել է «Սպիտակ գիշերների աստղերե (Սանկտ Պետերբուրգ), Դմիտրի Շոստակովիչի (Հյուսթոն), Բրատիսլավայի, Պրահայի, Իտալիայի միջազգային երաժշտական փառատոներին: Դասավանդել է Օբեռլինի (Օհայո, ԱՄՆ), Կոնեկտիկուտի, Ա. Քոփլենդի (Նյու Յորք) երաժշտական քոլեջներում: 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: