Արմինֆո.ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ ՝ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
<Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության>,- նշվում է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են՝ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը,
Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը,
Ֆելիքս Թոխյանը:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Հանրային խորհրդի նախագահ, <ԱԺՄ> նախագահ Վազգեն Մանուկյանը: Նա, մասնավորապես, նշել է. <Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցներըե բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդե:
Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին:
Եկեք հիշենք, թե նախորդ տասնամյակներում որն էր մեր դժգոհությունը Սահմանադրական դատարանից. դժգոհությունն այն էր, որ ՍԴ-ն կախման մեջ էր գործող իշխանությունից և ընտրությունների ժամանակ վավերացնում էր իշխանության վերարտադրությունը: Հիմա ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է տարանջատված, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով: Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք փոխել դա և նորից բերել նախո՞րդ վիճակը: Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը>:
Հոկտեմբերի 18-ին՝ 17: 30-ին, չստուգված աղբյուրներից ԱրմԻնֆո տեղեկություն է ստացվել, որ Հրայր Թովմասյանը հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են, որ նման տեղեկություն չունեն:
Առավոտից ԱԱԾ շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա, որին մասնակցում է մոտ 50 մարդ, որոնք հիմնականում ներկայացնում են իրավապաշտպան կազմակերպությունները եւ նախորդ իշխանության որոշ քաղաքական գործիչներ: Նրանք պահանջում են դադարեցնել ճնշումը Թովմասյանի և նրա ընտանիքի վրա, քանի որ ԱԱԾ են արդեն հրավիրվել ՍԴ նախագահի տարեց հայրը և դուստրերը: