Արմինֆո. ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան լքել է Հայաստանը ։ Այս տեղեկությունը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ։
Այն հարցին, թե արդյոք նախաքննական մարմինը որևէ լիազորություն ունի որպես վկա հարցաքննված անձին արգելել հատել սահմանը, Քննչական կոմիտեում պարզաբանել են, որ կոմիտեն նման լիազորություններ չունի:
<ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանահատման արգելքը կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձի վրա: Հետևաբար, ինչպես հիմնական վկային, այնպես էլ այլ անձի Հայաստանից դուրս գալու փաստը չի կարող դիտարկվել որպես իրավապահ որևէ կառույցի բացթողում>,-պարզաբանել է Հարությունյանը ։
Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ Հայկ Հարությունյանի մահվան գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Հայաստան ։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ապահովել 2008 թ. մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը:
Նա նաև ակնարկել է, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը պատահական չէ, և այդ դեպքն ապացուցում է բոլոր վկաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու սուր անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան Բջնի գյուղի իր տանը գլխի շրջանում հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել ։
Հայկ Հարությունյանը 2008թ.զանգվածային ցույցերի ժամանակ ղեկավարել է ոստիկանությունը։ Իշխանափոխությունից հետո այդ հանրահավաքները ցրելու քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Հայկ Հարությունյանը 2003-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը: Մինչ այդ՝ 1999-2003թթ., եղել է հանրապետության ներքին գործերի նախարար: