Արմինֆո. Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանի հետ զրույցի ձայնագրություն ունի։ ԱրմԻնֆո-ի այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների խումբը ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ ՝ գնդակահարելով այնտեղ գտնվող խորհրդարանի և կառավարության ղեկավարներին ու անդամներին։ Ահաբեկիչների զոհ են դարձել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունն ավարտվեց 2003 թվականին: Խմբի ղեկավար Հունանյանը, դատապարտվեց ցմահ բանտարկության
"Հիմա ոմանք պնդում են, որ նման ձայնագրություն չկա, ավելին՝ երբեք գոյություն չի ունեցել։ Սակայն՝ համոզված եմ, որ Քոչարյանի եւ Հունանյանի զրույցի ձայնագրությունը ոչ միայն գոյություն ունի, այլեւ գոյություն ունի մի քանի օրինակ։ Ի վերջո, նրանց հանդիպման վայրը նախապատրաստվել է Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից։ Կարծում եմ, որ խոսակցության պատճեններից մեկն այն ժամանակվա ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ունի։ Շատ լավ հասկանալով, թե ինչպես են իրեն վերաբերվում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Գասպարյանը, միանշանակ, կրկնօրինակներից մեկը պահել է", - նշել է նա։
Նախկին վարչապետի կարծիքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը երբեք Գասպարյանին չէին թողնի ռազմական ոստիկանության պետի պաշտոնում՝ հոկտեմբերի 27-ից հետո։ Սակայն, Գասպարյանն իր պաշտոնում մնաց, ինչը, Սարգսյանի կարծիքով, առնվազն խոսում է Գասպարյանի մոտ որոշակի տեղեկատվության առկայության մասին։
Սարգսյանի խոսքով, լինելով Հայաստանի վարչապետ, ինքն ամեն կերպ աջակցել է այդ գործի քննությանը, որը ղեկավարում էր այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ գործընթացին օբյեկտիվություն հաղորդելու նպատակով։ Այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, իսկ հետաքննությունն էապես առաջ է շարժվել։ Նա նաեւ նշել է, որ իր վարչապետության շրջանում հոկտեմբերի 27-ի գործով վկաների ցուցմունքները տարբերվել են իր հրաժարականից հետո նրանց իսկ ցուցմունքներից ։