Արմինֆո. Պաշտոնական Երևանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ երեկ Բաքվում և այսօր Անկարայում արված հայտարարություններին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե <Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի>, ասել է. <Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնելու հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության>:
Մինչդեռ araratnews պորտալի խնդրանքին ՝ մեկնաբանել Բաքվում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների արած հայտարարությունները, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով: <Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը: Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը>,- ասել է Նաղդալյանը:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: