Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը խոսել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասների մասին:
Լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել է, որ միջնորդները կառուցողական զրույց են ունեցել Արցախի նախագահի հետ։ <Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը այն հումանիտար հարցերի շուրջ, որոնք քննարկվել են Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ։ Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, լրագրողական փոխանակումներին և կողմերի մոտ անազատության մեջ գտնվող անձանց խնդիրներին ։ Այդ տեսանկյունից կան որոշակի գաղափարներ, եւ աշխատանքը շարունակվում է>, - նշել Է Պոպովը ՝ հավելելով, որ եռանախագահները վերջերս եղել են Ժնեւում, որտեղ հանդիպում են ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերի հետ, որի հետ եւս քննարկվել է այդ հարցը ։
Խոսելով բանակցային գործընթացի մասին ՝ Պոպովն ընդգծել է, որ կողմերի համաձայնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Բրատիսլավայում: <Ցանկության դեպքում մենք պատրաստ ենք կազմակերպել այդ հանդիպումը>, - ասել է ռուսաստանցի միջնորդը:
Հիշեցնենք, որ Մինսկի միջնորդներն Արցախ են այցելել տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երեւանում եւ Ստեփանակերտում նրանք արդեն հանդիպումներ են ունեցել երկու երկրների ղեկավարության հետ։ Նախատեսվում է նաև նրանց այցը Ադրբեջան ։