Արմինֆո. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտնվելը հղի է Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում հակահեղափոխական բնույթի ուժերի հաղթանակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Միացյալ Հայաստան" կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանը։
"Հայաստանում նման սցենարի կանխմանն ուղղված գործող իշխանությունների հաջող քայլերից հետո նրանց նախորդները փորձում են նոր դեմքերով վերարտադրվել Արցախում։ Վանեցյանի և Սարգսյանի Արցախում հայտնվելը դրան ուղղված գործընթացների սկիզբն է։ Համոզված եմ, որ դա Երևանում պետք է ընկալվի որպես սպառնալիք և հանգեցնի համապատասխան արձագանքի՝ առաջիկա ընտրություններում Արցախի գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեցող և երբեք չունեցած թեկնածուին սատարելու տեսքով", - ընդգծել է նա։
Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2020 թվականին: Դրանց մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ինչպես նաեւ Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Գործող իշխանության թեկնածու է համարվում հանրապետության նախկին վարչապետ, "Ազատ հայրենիք" կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը։ Այսպիսով՝ գործող իշխանությունների հետ չկապված միակ թեկնածուն Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է։
Նման իրավիճակը Բադասյանը համարում է Հայաստանի վարչապետի ակնհայտ սխալների ածանցյալ, որը ժամանակին հին համակարգից Վանեցյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն։ Բադասյանի խոսքով, օրեր առաջ Վանեցյանն ու Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել են Վիտալի Բալասանյանի հետ եւ, ըստ Բադասյանի, հենց նրանք են կանգնած Բալասանյանի վերջին կտրուկ հայտարարությունների հետեւում:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և "Սասնա Ծռեր" կուսակցության ղեկավարության հասցեին: Այս պահին նյութերն ուսումնասիրվում են ԱԱԾ-ում։
Բադասյանի ասելով, ժամանակին ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում հարգանք վայելող Բալասանյանն ակնհայտորեն ձեռնամուխ է եղել նախկին իշխանությունների շահերի սպասարկմանը։ Վերջինները՝ արցախցի գործընկերների հետ միասին, որոշել են նրանից յուրատեսակ "քավության նոխազ" սարքել սեփական նախկին ու ներկա սխալների համար։ Որպես արդյունք՝ այսօր "նախկինները" ԱԽ նախկին քարտուղարին տանում են ինքնաոչնչացման։
Այս լույսի ներքո՝ արցախցի քաղաքական գործիչն անհրաժեշտ չի համարում Բալասանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը՝ վերջինի համար չափազանց մեծ պատիվ համարելով նրան քաղբանտարկյալի կարգավիճակ տալը։