Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինի պես գլխավոր հարցի պատասխան չունի։ Եվ այստեղ խոսքն ամենևին էլ բանակցային գործընթացին Արցախի մասնակցության-չմասնակցելու մասին չէ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
"Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար, որն այդպես էլ մնաց օդում կախված։ Բոլորը, ներառյալ բանակցությունների հայկական կողմը եւ միջազգային հանրությունը, սպասում էին Ադրբեջանի ղեկավարության պատասխանին Փաշինյանի այդ բավականին համարձակ, մարդասիրական ժեստին", - ընդգծել է նա։
Սակայն, ի պատասխան Հայաստանի վարչապետի այն հայտարարության, որ պետք է միահամուռ կերպով հասնել հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծման, Ալիևը, Իգիթյանի գնահատմամբ, ի վիճակի էր միայն Սոչիում Վալդայի համաժողովում թույլ տալ մի արտահայտություն, ըստ որի, Բաքվին ընդհանրապես չի հետաքրքրում ժողովուրդը կամ Արցախի բնակչությունը։ Այդպիսով, ըստ քաղաքական գործչի, ստացվում է, որ ալիևյան Ադրբեջանին հետաքրքրում է միայն մի կտոր տարածք, ինչն ուղղակիորեն հակասում է կարգավորման, առնվազն, մեկ սկզբունքին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։
Այս համատեքստում Իգիթյանը հիշեցրել է, որ կարգավորման շուրջ բանակցություններն ընդհատվել են 2016 թվականի ապրիլին Բաքվի ագրեսիայի հետեւանքով: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի բոլոր ջանքերն ուղղված էին այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը թույլ տար վերսկսել բանակցությունները։ Ինչի համար մի քանի անգամ ստացվել է Բաքվի համաձայնությունը։ Սակայն Ալիևն իր վերջին հայտարարություններով, քաղաքական գործչի կարծիքով, փաստորեն, մերժում է բանակցությունները՝ որպես առկա գործընթաց։
"Ընդ որում, քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես դուրս չի եկել բանակցություններից, Հայաստանը, Արցախը և Մինսկի խումբը պետք է համարեն, որ Բաքուն շարունակում է մասնակցել դրանց։ Այո, Ադրբեջանը խանգարում է գործընթացին, չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը՝ սեփական ղեկավարության հայտարարություններով։ Իսկ մենք կհամարենք, որ այդ հայտարարություններն ուղղված են Ադրբեջանի հասարակական կարծիքին։ Եվ եթե մի գեղեցիկ օր բոլոր երեք կողմերը պատրաստ լինեն վերսկսել բանակցությունները, Ադրբեջանը կրկին կհայտնվի դրանց սեղանի շուրջ", - ամփոփել է Իգիթյանը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Ներկայում կարգավորման գործընթացն անվանապես տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "մադրիդյան սկզբունքների" հիման վրա: