Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ողջունելով ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից Սիրիայում Թուրքիայի վայրագությունների նկատմամբ պատժամիջոցների առաջին ալիքը, միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Անկարան լուրջ չի ընկալելու Վաշինգտոնի զսպվածության կոչերը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահն ու Կոնգրեսը շարունակում են Թուրքիայի Հանրապետության նկատմամբ թողտվության քաղաքականությունը' հրաժարվելով ճանաչել և դատապարտել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի եւ մյուս քրիստոնյա ազգերի ցեղասպանությունը:
Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները պետք է հաղթահարեն վետոն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում են, որ Էրդողանը ԱՄՆ-ին լուրջ ընդունի:
ANCA-ն նաեւ հաղորդել Է, որ Կոնգրեսում գործարկվել է առցանց տեղեկատվական արշավ՝ anca.org/StopErdogan, որտեղ կոչ է արվում անհապաղ կիրառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենսդրությունը և ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը (S. Res.150 և H. Res.296):
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: Փաստաթուղթը, ինչպես հետեւում է Պետդեպարտամենտի ղեկավար Մայք ՓոմՓեոյի հայտարարությունից, կոչված է ճնշում գործադրելու Անկարայի նկատմամբ, որպեսզի ստիպի նրան դադարեցնել գործողությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Սահմանափակումները կարող են առնչվել մարդկանց եւ կազմակերպությունների, որոնց գործողությունները վտանգ են ստեղծում քաղաքացիական անձանց համար կամ հանգեցնում են խաղաղության, անվտանգության եւ կայունության հետագա խաթարմանը տարածաշրջանում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ պատժամիջոցների ցանկում արդեն հայտնվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, դրանց ղեկավարներ Հուլուսի Աքարն ու Ֆաթիհ Դոնմեզը, ինչպես նաեւ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: Բացի այդ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգթոնը մտադիր է թուրքական պողպատի սակագները բարձրացնել մինչեւ 50 տոկոսով, այսինքն՝ մինչեւ այն մակարդակը, որը գործում էր մինչեւ մայիսյան իջեցումը: Միացյալ Նահանգները նաեւ կդադարեցնի Առեւտրի նախարարության հովանու ներքո Անկարայի հետ հարյուր միլիարդ դոլարի գործարքի շուրջ բանակցությունները: