Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Կողմերն անդրադարձ են կատարել հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվել է ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը: