Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ում տեղյակ են օրերս հայ-վրացական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ երեք հայ լրագրողների մուտքը Վրաստան արգելվել էր:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ հարցով արդեն կապվել է Վրաստանի գործընկերների հետ: "Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Նախնական տվյալներով, մուտքի մերժումը կապված է եղել տեխնիկական հարցերի հետ։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ", - ասել է Նաղդալյանը։ Նյութի հրապարակման պահին Հայաստանում Վրաստանի դեսպանատնից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Epress.am պորտալի լրագրողներ Յուրի Մանվելյանին, Տիգրան Խաչատրյանին և Տիգրան Հակոբյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք: Լրագրողները պատմել են, որ հոկտեմբերի 11-ին իրենց ավելի քան 4 ժամ պահել են Բավրա-Նինոծմինդա անցակետում, իսկ հետո արգելել են իրենց հետ վերցնել տեսախցիկներ եւ բարձրախոսներ: Լրագրողները մաքսատան տարբեր աշխատակիցներին ստիպված են եղել բացատրել, որ գնում են Ախալցխա, Ախալքալաք եւ Թբիլիսի՝ հանդիպումներ անցկացնելու համար։ Վրացի սահմանապահները նրանց պատասխանել են, որ տեխնիկայով իրենք չեն կարող հատել սահմանը: Լրագրողները անցել են Հայաստանի տարածք, այնտեղ թողել են իրենց սարքավորումները և կրկին վերադարձել վրացական անցակետ: Սսակայն, վրացի սահմանապահները պարզաբանել են, որ նրանց մուտքը Վրաստան՝ լրագրողական գործունեություն իրականացնելու համար, ցանկալի չէ: Վրացական կողմը հրաժարվել է բացատրություններ տալ հայ լրագրողների մուտքը երկիր թույլ չտալու վերաբերյալ։
Նշվում է, որ գրեթե համանման իրադարձություն տեղի է ունեցել վերջերս ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ Սանկտ Պետերբուրգից մի խումբ ռուս լրագրողների հետ: Լրագրողների եւ կինեմատոգրաֆիստների մեքենային թույլ չեն տվել մտնել Վրաստանի տարածք, պատճառաբանելով, թե մեքենան "չափազանց ռազմական" տեսք ունի: Տեղեկանալով, որ ուղեւորության նպատակը Վրաստանի եւ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումն է, սահմանապահները թույլ են տվել Վրաստանի տարածք անցնել նկարահանող խմբի չորս անդամներին, իսկ ավտոմեքենայի վարորդին հետ են ուղարկել Ռուսաստանի տարածք: