Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2019 20:43
Նաիրա Բադալյան

ԱՄՆ կոնգրեսականներ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են

ԱՄՆ կոնգրեսականներ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

 

Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր և կարևորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին և ընդգծել՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին:

 

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նշել են, որ հպարտ են այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետին և մտքեր փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման շուրջ: Նրանք ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են, և ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում: Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նաև մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Արցախ և նրանց գնահատականները կարևոր նշանակություն ունեն քաղաքական, նաև հումանիտար առումով և տեղեկացրել, որ Հայաստանը կարևորում է Արցախում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացումը: Արցախի ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց տվեց նշանակալի առաջընթաց այս ուղղություններով:

 

Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի