Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արտգործնախարարը կմասնակցի հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Ինչպես ասվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրությունում, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվեն տարածաշրջանի հրատապ հարցերը, երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ գործընկերության ակտիվացման ծրագրերը: Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի գլխավոր թեմաները կլինեն ԱՊՀ երկրների խաղերի նախապատրաստման հարցերը, որոնք առաջին անգամ կանցկացվեն 2020 թվականին, տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքը, երկրների զինված ուժերի կապի միացյալ համակարգի ստեղծումը, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը:
ԱՊՀ արտաքին գործերի նախարարները նախապես կհամաձայնեցնեն փաստաթղթերը, որոնք կներկայացվեն ԱՊՀ երկրների ղեկավարների քննարկմանը: Դա, նախեւառաջ, 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 - ամյակի կապակցությամբ ԱՊՀ երկրների ժողովուրդներին եւ համաշխարհային հանրությանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծն է, ինչպես նաեւ փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են, մասնավորապես, համագործակցությունը կոռուպցիային հակազդման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, անվտանգության ոլորտում տեղեկատվական փոխանակման զարգացման գործում:
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ-ում 2020թ. փոխգործակցությանն ու նախագահությանը վերաբերող հարցեր: ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին նիստը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերի 28-ին Դուշանբե քաղաքում: