Արմինֆո. Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին:
Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության և քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փըլոունի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փըլոունին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով: