Արմինֆո. ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երևանյան հայտարարությունները բավական ուշագրավ էին և մի շարք մեսիջներ էին պարունակում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
"Մասնավորապես, Հայաստանի տարանցիկ հնարավորությունների մասով, ինչը հատկապես ընդգծվել է Ռոհանիի Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ Իրանում հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ։ Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, ընդհանուր առմամբ, շատ կարևոր է միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանի համար։ Թեհրանի համար դա, անշուշտ, հնարավորություն է, առնվազն, այդ պատժամիջոցների ճնշումն ու հետեւանքները զգալիոորեն թեթեւացնելու համար", - ընդգծել է նա։
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրված հյուրերի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի մասնակցությամբ:
Ոսկանյանի խոսքով Իրանի նախագահի արտաքին քաղաքական ակտիվությունը Հայաստանի եւ ԵԱՏՄ ուղղությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի մեղադրանքով նրա եղբոր ձերբակալության ֆոնին: Իրանագետի գնահատմամբ՝ ԻԻՀ-ում ներքաղաքական պայքարի լույսի ներքո՝ նախագահ Ռոհանիի համար չափազանց կարեւոր է ամրապնդել սեփական դիրքերը՝ արտաքին քաղաքական որոոոշակի արդյունքների հասնելու միջոցով: Այս լույսի ներքո, ըստ Ոսկանյանի, հոկտեմբերի 1-ին առկա է եղել Ռոհանիի անձնական շահերի և հայ-իրանական համագործակցության զարգացման շահերի համընկնում։ Նրա գնահատմամբ, նման զուգադիպությունն լիովին համապատասխանում է տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման գործընթացին։
Իրանագետը որոշակի լավատեսություն ունի նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առնչությամբ, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 27-ից: Նրա կանխատեսմամբ ՝ Հայաստանից և ԵԱՏՄ-ից ապրանքների համար արգելքների էական նվազումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ արտադրողների համար։ Նրա խոսքով՝ առնվազն 3 տարի (համաձայնագրի գործողության ժամկետը - խմբ.) հայաստանցի արտադրողները կկարողանան իրենց բիզնեսը զարգացնել 80 միլիոնանոց իրանական շուկայի ուղղությամբ։
"Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգը չափազանց հագեցած է։ Եվ, իհարկե, այստեղ գլխավոր թեմաներից մեկը էներգետիկ ոլորտն է։ Ցավոք, մեր երկրների միջեւ երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը ձգձգվում է առնվազն մինչեւ 2020 թվականը։ Մինչդեռ, "գազ էլեկտրաէներգիայի դիմաց" նախագծի հաջող զարգացումը կախված է հենց երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտի ժամկետներից", - ամփոփել է իրանագետը ։