Արմինֆո. Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի, հերթական անգամ վկայում է այն մասին, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում և, ըստ էության, չի ցանկանում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում: Այդ մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, և, եթե մենք ուզում ենք հասնել դրան, անհրաժեշտ է, որ և Հայաստանի ժողովուրդը, և Արցախի ժողովուրդը, և Ադրբեջանի ժողովուրդը համաձայնության գան այդ որոշման շուրջ: "Փաշինյանը ենթադրում էր, որ մյուս կողմը եւս կընդունի այդ նախաձեռնությունը, քանի որ որեւէ որոշում հնարավոր չէ առանց կողմերի համաձայնության ։ Իսկ Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ ինքը չի ընդունում այդ բանաձևը, հետևաբար, չի ցանկանում հակամարտության խաղաղ լուծում ։ Ես կարծում եմ, որ միջազգային գործընկերները կարձանագրեն այդ փաստը և համապատասխան հետևություններ կանեն", - ընդգծել է պատգամավորը ։
Հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի պատասխանը, Ռուբինյանն ասել է, որ պատասխան քայլը լինելու է հայկական դիրքերի շարունակական առաջխաղացումը, խաղաղության տրամաբանությամբ գործողությունները, բանակի և պաշտպանության ոլորտի շարունակական ամրապնդումը: