Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությունում չեն հաստատում Ադրբեջանի քաղաքացիական անձի սպանության մասին Ադրբեջանի զինված ուժերի տեղեկատվությունը:
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով քաղաքացիական անձի սպանության մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ընդ որում, նա հաղորդել է ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Նոյեմբերյանում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ տրակտորիստի վիրավորման մասին: "Տրակտորիստը հիվանդանոց է տեղափոխվել", - ասել է Հովհաննիսյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել նրա առողջական վիճակի մասին:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե, իբր, չորեքշաբթի օրը, ժամը 16:55-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը գնդակոծության են ենթարկել մատակարարման ուղի անցկացնող էքսկավատորը: "Էքսկավատորի վարորդը՝ Սաֆարալի Ալեքպեր օղլու Աբիշովը, որը քաղաքացիական անձ է, հրազենային վնասվածք է ստացել։ Չնայած առաջնային բուժօգնության ցուցաբերմանը, վարորդի տարհանմանը, նրա կյանքը փրկել չի հաջողվել", - ասվում էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում: