Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քննադատել է հայկական ԶԼՄ-ներին՝ նրանց մեղադրելով ադրբեջանական քարոզչություն տարածելու համար:
Հաստատելով առաջնագծում հայ զինծառայողի վիրավորման փաստը՝ նա վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ զինվորականի վիրավորումը փոխկապակցվել է հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիայի փորձի մասին Ադրբեջանի ապատեղեկավտության հետ: ՙՀայաստանյան լրատվամիջոցների թեթև ձեռքով Ադրբեջանական քարոզչական թեզը, երազած դիվերսիան ու վիրավոր զինծառայողը փոխկապակցվեցին իրար։ Ահա թե ինչպես է լինում անպատասխանատվությունը։ Սահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։ Արդեն մի քանի տարի է զգուշացնում եմ, որ վիրավորների մասին լուր պետք չի տալ։ Բաքվում շատ ուրախացան՚, - գրել է Արծրուն Հովհաննիսյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում:
Հայկական ԶԼՄ-ներում այսօր տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում վիրավորվել է պայմանագրային զինծառայող:
Միևնույն ժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Հայաստանի պաշտպանննության նախարարությունում այսօր հերքել են հայ-ադրբեջանական պետական սահմանին, իբր, հայկական դիվերսիայի կասեցման վերաբերյալ Բաքվի հաղորդումները: Հայաստանի ՊՆ-ում հերթական ապատեղեկատվությունն են որակել այդ հաղորդումները:
ՙՏվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության հետ։ Տեղեկությունում հիշատակումը, թե «Ադրբեջանի սահմանապահ մարտական դիրքերը բազմիցս գնդակոծվել են Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից, մեծ տրամաչափի զենքից, այս «տեղեկության» անհեթեթության հավելյալ ապացույցն են՚,- ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում այսօր տեղեկություններ են տարածվել Ադրբեջանի սահմանապահ զորքերի կողմից Հայաստանի ԶՈՒ սադրանքը կանխելու մասին: Վկայակոչելով ԱՀ պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը՝ ԶԼՄ-ները հաղորդել են, թե իբր 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հայաստանի հետ պետական սահմանի Ղազախ շրջանի ուղղությամբ մարտական դիրքերում ծառայություն իրականացնող սահմանապահ ջոկատների կողմից հայտնաբերվել եւ կանխվել է Հայաստանի Զինված ուժերի մարտական դիրքերի կողմից դիվերսիոն խմբերի տեղաշարժը դեպի ԱՀ տարածք: Ըստ տեղեկատվության, նույն օրը ադրբեջանական սահմանապահ հենակետերը բազմիցս ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ' խոշոր տրամաչափի զենքերից: