Արմինֆո. Սեպտեմբերի 17-ից 24-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20-ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կոմիտեի մամուլի ծառայությունից, Նուրսուլթանում ձևավորվել է Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ է նշանակվել գործարար Հայկ Սողոյանը: Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ Իշխան Զաքարյանը և Հայկ Սողոյանը քննարկել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
Այնուհետև Իշխան Զաքարյանը մեկնել էԱՄԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցել է այս տարի:
Սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը և ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվել են ԱՄԷ- ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին: Թեմական խորհրդի անդամների և Աբու-Դաբիում համայքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվել են համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձևավորման և մասնակցության խնդիրները: Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր և ոգևորված համահայկական 7-րդ խաղերի անցկացման և հատկապես բացման արարողությամբ: Նա տեղեկացրել է, որ բավականին գործ է արել Քաթարում և հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում: Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները: Վերջում Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգևատրել է իրենց բարձրագույն մեդալով:
Առաջիկայում սպասվում են իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին: