Արմինֆո. Հոկտեմբերի 1-ին Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրում մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Պաշտոնական օրակարգի համաձայն՝ սպասվում է նեղ կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հետ կապված հարցեր: Հանդիպման մասնակիցները կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և անձնակազմին:
Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի ավելի քան 10 հարց: Մասնավորապես, նիստի մասնակիցները կքննարկեն ԵԱՏՄ դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը հաստատելու հարցը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ԵԱՏՄ 2018 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության, ԵԱՏՄ բյուջեի մասին հարցը:
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն միության 2020 թվականի բյուջեն, ԵԱՏՄ-ի 2020 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրման, ԵԱՏՄ-ի բյուջե մուծումների վճարման գծով ԵԱՏՄ անդամ պետությունների պարտքի մարման կարգի հաստատման, պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցերը - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և կոլեգիայի անդամ նշանակելու մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 դրույթում փոփոխություն կատարելու մասին, ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի մասին հիմնադրույթում փոփոխություն կատարելու մասին: Նրանք կանդրադառնան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի անցկացման ժամկետին և վայրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները, կնախանշեն ԵվրԱզԷՍ-ի միասնական շուկայի գործունեության բարելավման և տնտեսության առանցքային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման խնդիրները:
Ղեկավարների հաստատմանը պատրաստվել են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման Հայեցակարգը, միության հաջորդ տարվա բյուջեն եւ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման մի շարք որոշումներ: Համաձայնեցվելու են նաև 2020 թվականի համար միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։ Բացի այդ, կստորագրվի ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որի նպատակն է կողմերի համար ստեղծել փոխշահավետ պայմաններ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների խթանման համար: Փաստաթուղթն ուղղված է նաեւ առեւտրի եւ ներդրումների ճանապարհին խոչընդոտների չեզոքացմանը, բիզնեսի ծախսերի կրճատմանը եւ տնտեսական արդյունավետության բարձրացմանը: Համաձայնագրում կան բաժիններ, որոնք վերաբերում են ապրանքների առևտրին, առևտրի պաշտպանության միջոցներին, ապրանքների ծագումը հաստատելու կանոններին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներին, մտավոր սեփականությանը, պետգնումներին, մրցակցությանը, բնապահպանությանը, մաքսային ոլորտում համագործակցությանը և առևտրի դյուրացմանը։
Հիշեցնենք, որ սպասվում է նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների, ներդրումների և առևտրի մասին երկկողմ համաձայնագրի ստորագրում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, փաստաթուղթը, ի լրումն ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի, որով ազատականացվում է առևտուրը, ազատականացնում է նաև ներդրումների և ծառայությունների առևտրի իրականացման ընթացակարգերը: Ըստ նախարարի, համաձայնագրով հայկական ապրանքները արտահանվելու են Սինգապուր զրոյական մաքսային դրույքաչափով:
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ.մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ին: 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրվել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը (Ղրղզստանը ԵՏՄ անդամ է 2015թ.օգոստոսի 12-ից):