Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչել է մաեստոր Տիգրան Մանսուրյանի "Ubi est Abel frater tuus?” («Ո՞ւր է Աբել եղբայր քո») Թավջութակի 4-րդ կոնցերտը: Համերգը նվիրված է եղել մաեստրոյի 80-ամյակին: Մենակատարն է Սևակ Ավանեսյանը, որպես դիրիժոր հանդես է եկել աշխարհի առաջատար դիրիժորներից մեկը՝ Անդրեյ Բորեյկոն: Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գործընկերն է Կոնվերս Բանկը:
«Թավջութակի համար գրված իմ կոնցերտը մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է և եղբայրասպանության սիմվոլը»,- ներկայացնելով կոնցերտը՝ նշել է մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
«Այս համերգը Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է: Այս տարի փառատոնի շրջանակներում աշխարհում ամենապահանջված մենակատարների և Հայաստանի Ազգային ֆիլհարմանիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի դասական ստեղծագործություններ: Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ, որ այս տարվա փառատոնին ևս Կոնվերս Բանկը Ֆիլհարմոնիկի կողքին է և աջակցում է մեր ծրագրերի հաջող իրականացմանը»,- ասել է ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
«Փառատոնը իր գործունեության 13 տարիների ընթացքում դարձել է Հայաստանի մշակութային կյանքում ամենակարևոր ու սպասված երաժշտական իրադարձություններից, որը արդեն երկրորդ տարին անընդմեջ անց է կացվում Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ ունկդրին հնարավորություն տալով ոչ միայն ևս մեկ անգամ հաղորդակից դառնալ դասական երաժշտությանը, այլև ունկնդրել և վայելել վաղուց սպասված պրեմիրաներ: Մասնավորապես, նախորդ տարի Ազգային ֆիլհարմանիկ նվագախմբի հետ համագործակցությամբ մենք կարողացանք փառատոնի շրջանակում ներկայացնել Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան, այս տարի՝ Տիգրան Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Նշենք, որ փառատոնը տևելու է մինչև հոկտեմբերի 25-ը: Փառատոնի փակման գալա համերգը, որի շրջանակում հնչելու են Գերշվինի ստեղծագործությունները, նվիրված է լինելու ՀԱՖՆ-ի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը: