Արմինֆո. Իրանում պատմել են երկրի նախագահ Հասան Ռոուհանիի Երեւան կատարելիք այցի օրակարգի մասին։ Իրանի նախագահի կապերի եւ տեղեկատվության շտաբի պետի տեղակալ Փարվիզ Էսմայիլին տեղեկացրել է, որ Ռոուհանին երկուշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերով կմեկնի Երեւան, որտեղ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Ընդ որում, նա հավելել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ելույթից բացի, Ռոուհանին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետի եւ իշխանությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Թեհրանի ու Երեւանի հարաբերությունների կարեւորագույն հարցեր եւ համատեղ նախագծերի ու համաձայնագրերի իրագործման շուրջ վերջին իրավիճակը: Նրա խոսքով՝ Իրանի նախագահն առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ գագաթնաժողովի որոշ առաջնորդների հետ:
Երեւան այցի ընթացքում Ռոուհանիին կուղեկցի բարձրաստիճան քաղաքական եւ տնտեսական պատվիրակությունը: Իրանի նախագահը երեքշաբթի երեկոյան կվերադառնա Թեհրան։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն վերազգային մարմինն է, որը իմնադրվել է 2014 թվականին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ղեկավարները ։