Արմինֆո. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր կմասնակցի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուղարկավորության արարողությանը: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Պաշտոնական սգո արարողությունն այսօր տեղի կունենա Սեն Սյուլպիս եկեղեցում: Ընդհանուր առմամբ, սպասվում է մոտ 80 համաշխարհային առաջնորդների ժամանում։
Նախօրեին ՝ սեպտեմբերի 29-ին, հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք են մատուցել նախկին նախագահին։ Ֆրանսիայում երկուշաբթի օրը հայտարարվել է ազգային սգո օր։ Ժակ Շիրակը մահացել է անցած հինգշաբթի՝ 86 տարեկան հասակում։ Ժակ Շիրակի աճյունը կամփոփվի Մոնպարնաս գերեզմանատանը, որտեղ հանգչում է նրա ավագ դուստրը։
Ժակ Շիրակը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր ։ Նա անձամբ ներգրավված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի, բարձր է գնահատել հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը ։ 2006 թվականին Շիրակը պետական այցով այցելեց Հայաստան։ Նրա այցին զուգադիպս Երեւանում Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչվել է հենց Ժակ Շիրակի նախագահության օրոք։ Ինքը ՝ Ժակ Շիրակը, ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլև բազմիցս կոչ է արել Թուրքիային դա անել ։