Արմինֆո. ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում կազմակերպված «Եվրոպայում համագործակցության և անվտանգության ամրապնդման հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովին: Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է փոխխոսնակը, միջոցառմանը գհավիրված էին 30 երկրի 100-ից ավելի պատվիրակներ:
ՙՏարբեր պետությունների քաղաքական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեցին աշխատանքային երկօրյա ակտիվ քննարկումներ:
Օրակարգում անվտանգության ժամանակակից մարտահրավերների, թվային տնտեսության և այլ արագ ու արդյունավետ արձագանքմանը ենթակա թեմաներն էին:
Մեր երկրի անունից ինձ էր պատիվ վիճակվել ողջունելու համաժողովի մասնակիցներին և հանդես գալու ընդգրկուն ելույթով, որում արտացոլվում էր մեր մոտեցումներն ու պատկերացումները։ Սա փոխգործակցության բոլորովին նոր հարթակ է, որը իրավիճակին թույլ է տալիս այլ տեսանկյունից նայել, և գտնել նոր առաջարկներ ու տեսլականներ՚, - գրել է ԱԺ փոխխոսնակը։