Արմինֆո. Սեպտեմբերի 27-ին եւ 28-ին Ազատության հրապարակում մեկնարկում է "Armenia in Rock" փառատոնը, որի նախաձեռնողն է Հայկական ռոք ասոցիացիան:
Ասոցիացիայի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել Է Facebook-ի պաշտոնական էջում, փառատոնին կմասնակցեն այնպիսի հայտնի ռոք խմբեր, ինչպիսիք են DOGMA, EMPYRAY, FairWind, Vostan Hayots , Clocker, Lelocity, Adana Project, Unaesthetic, Rozen Tal եւ High:
"Կարճ ասենք՝ Հայաստանի ռոք ասպարեզում խմբերի նման հավաք վաղուց, շա՜տ վաղուց չի եղել! “Ռոք ասոցիացիան” նախաձեռնում է “Armenia in Rock” փառատոնը! Հայաստանի ռոք հանրույթը միավորվում է! Բոլոր ահել ու ջահել ռոքեռները հավաքվելու են՝ քաղաքը դղրդացնելու: Մենք կանք, մենք միասնական ենք ու մեծ էնտուզիազմով ստեղծում ենք մեր ամենամյա փառատոնը: Մենք ենք մեր գլխի տերը, մենք ենք մեր երկրի տերը, մենք ենք կռիվ տվողը ու մեր ծանր բեռը առաջ տանողը! Թե գաղափարակից ես, արի դղրդացնենք միասին, արի լիցքավորվենք սեպտեմբերի 27-28-ին Օպերայի հրապարակում!!! ", - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայկական ռոք-ասոցիացիան ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերին, ինչը նշանավորվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 9 ռոք խմբերի մասնակցությամբ փառատոնի անցկացմամբ: Ասոցիացիայի նպատակն է ռոք-ասպարեզում գործող երաժիշտների և խմբերի միավորումը և հայրենական ռոք ինդուստրիայի զարգացումը։ Ասոցիացիան նախաձեռնում և կազմակերպում է բազմաթիվ միջազգային ռոք-փառատոներ և համերգներ։