Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին․
«Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։ Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։
Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի։ Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքինե։
Շիրակը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Նա անձամբ ներգրավված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի, բարձր է գնահատել հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը ։ 2006 թվականին Շիրակը պետական այցով այցելեց Հայաստան։ Նրա այցի ժամանակ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվել է Ֆրանսիայի հրապարակը։
Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչվել է հենց Ժակ Շիրակի նախագահության ժամանակ։ 1998 թվականին Ֆրանսիայի Ազգային ասամբլեան ընդունեց օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 2000 թվականին նման օրենք ընդունեց Սենատը։ 2001 թվականին խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Ազգային ասամբլեան, հավանության արժանացրեց օրինագիծը, որի համաձայն՝ Օսմանյան կայսրությունում 1915-17 թվականներին իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը հայտարարվում է քրեական հանցագործություն։ Հայերի զանգվածային սպանության ժխտումը պատժվում է մեկ տարի ազատազրկմամբ եւ 45 հազար եվրո տուգանքով։ Ժակ Շիրակը բազմիցս Թուրքիային կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը։