
Արմինֆո. Իրանցիների հետ աշխատելը բավականին բարդ է, նրանք մեր ամենաբարդ գործընկերներից են։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
"Ընդհանուր առմամբ, իրանցիները բավականին բարդ եւ հաճախ հակասական գործընկերներ են նաեւ միջազգային մակարդակով, միջազգային փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում։ Այնուամենայնիվ, Իրանի հետ հաջող համագործակցության հնարավորություն, անշուշտ, կա։ Դրա համար անհրաժեշտ է Իրանին և իրանցիներին ծանոթ մասնագետների համապատասխան մեթոդաբանության վրա կառուցված ամենօրյա, քրտնաջան աշխատանք։ Առանց այդ աշխատանքի, առանց այդ ջանքերի լիակատար հաջողության հասնելը գրեթե անհնար է", - համոզված է նա։
Ըստ Ոսկանյանի, Հայաստանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքը թելադրում է նման աշխատանք իրականացնել ոչ միայն Իրանի, այլեւ մյուս բոլոր հարեւանների, այդ թվում՝ ամենախնդրահարույցների հետ: Այս լույսի ներքո՝ իրանագետը տեսնում է հայերի մտածելակերպը փոխելու անհրաժեշտությունը գոյատևման երկարամյա քաղաքականությունից հրաժարվելու նպատակով՝ հանուն Հայաստանի զարգացման և հզորացման հստակ հայեցակարգի։
Վերջինը, նրա գնահատմամբ, ենթադրում է ժողովրդի, ազգի, պետության հստակ աշխատանք հայոց պետականության հզորացման ուղղությամբ։ Եվ, ըստ Ոսկանյանի, Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր տեղ ունեն այդ գործընթացում։ Ըստ այդմ, Հայաստանը, նրա կարծիքով, զրկված է դրանցում առկա հնարավորություններն անտեսելու ճոխությունից։
Որպես նման հնարավորություններից մեկը իրանագետը դիտարկում է Թեհրանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ, ինչն արտահայտվում է այդ կազմակերպության երևանյան նիստին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվող մասնակցությամբ։ Ոսկանյանը կարծում է, որ Երևանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները հարավային հարևանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով: Փորձագետի գնահատմամբ՝ երկու ձեւաչափերն էլ Հայաստանի համար մեծ հնարավորություններ եւ, համապատասխանաբար, նշանակություն են պարունակում։
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում: Բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից և Իրանի նախագահ Հասան Ռոհանիից, գագաթնաժողովին իր մասնակցության մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: