Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ Արցախի և Ադրբեջանի դիրքերի միջև չեզոք գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողը կարող էր մոլորվել ։
Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել է, որ շատ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել։ Նա նշել է, որ այժմ զերծ կմնա գնահատականներից, քանի որ թե գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: <Միգուցե մոլորվել է>,- ասել է Տոնոյանը՝ ավելացնելով, որ նախօրեին՝ ժամը 19:00-ի
սահմաններում, դին հանձնվել է ադրբեջանական կողմին:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՙԴեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից՚, - ասվում է հաղորդագրությունում: