Արմինֆո. Այսօր առավոտյան ժամը 06.00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը` ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցնել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները: Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:
ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ուժերն ու միջոցները, որոնք բավարարում են առաջադրված խնդիրների կատարմանը, շարունակում են մարտական հերթապահության (պետական սահմանի պահպանության) իրականացումը, միաժամանակ ապահովում են զորքերի վերախմբավորման կատարումը և պաշտպանության անցնելը:
ՀՀ բոլոր զինվորական կոմիսարիատները պատրաստ են լրիվ ծավալով զորքերի լրահամալրում և զորահամալրում իրականացնելուն և արդեն իսկ կատարում են համապատասխան աշխատանքներ:
ՙՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը՚, - ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
Միաժամանակ, Արցախի պաշտպանության բանակում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ:
ՙՀարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ: Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին՚, - ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում: