Արմինֆո. Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, Հ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:
ՙՀաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո՚, - հավելել է ՔԿ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը ծանր վնասվածքներ է հասցրել զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: