Արմինֆո. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ:
<Սիրելի հայրենակիցներ, 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին: Շնորհավորում եմ բոլորիս։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը>,- ասված է ուղերձում:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Անկախության օրվա առթիվ: Մասնավորապես, Ղուլյանը նշել է. <Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը հարյուրավոր սերունդների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է: Քսանութ տարի առաջ կյանքի կոչելով մեր երազանքը և պաշտպանելով այն մեծ զոհողությունների գնով՝ վերահաստատեցինք, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է, իսկ դրա հարատևությունը՝ երաշխիք մեր անվտանգ գոյության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի:
Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը: Վերստին շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի շահ մայր հայրենիքի և մեր հերոսական ժողովրդի>: