Արմինֆո. Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերադարձի հնարավորության հարցը լուծելու է Արցախը։ Այս մասին սեպտեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը։
Նա նշել է, որ երեկ հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, և իրեն պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ <Այս պահին քննարկման հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք ես չեմ կարող բացահայտել։ Որոշակի տեղեկատվություն ճշտելու համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում, իսկ երբ այն հայտնի լինի, հայկական կողմը հանդես կգա համապատասխան արձագանքով>, - ընդգծել է նախարարը:
Ինչ վերաբերում է փոխանակման հնարավորություններին, ապա պաշտպանության նախարարը չի բացառել այն։ <Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումը կկայացվի Ստեփանակերտում>, - ընդգծել է Տոնոյանը ։
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ նրան է փոխանցվել Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 քաղաքացիներին ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ փոխանակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս պահին Ադրբեջանում են գտնվում Հայաստանի երկու քաղաքացի՝ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը եւ զինծառայող Արայիկ Ղազարյանը, ով օգոստոսին մոլորվել էր եւ հայտնվել ադրբեջանական տարածքում:
Ղարաբաղում պատիժ են կրում ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, որոնք դատապարտվել են դիվերսիայի եւ ազգային ատելության հողի վրա սպանության համար: