Արմինֆո. Իսրայելում կբացվի Հայաստանի դեսպանություն։ Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստում։
Ներկայացնելով որոշման նախագիծը ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ.ապրիլին, սակայն մինչ այժմ Հայաստանը Իսրայելում ներկայացված է ոչ ռեզիդենտ դեսպանով։ Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա։ Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը: Նախարարի խոսքով, Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության ներկայությունը:
Խոսելով դիվանագիտական ներկայացուցչության բացման ժամկետների մասին ՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է երկուստեք մի շարք կազմակերպչական հարցերի լուծման անհրաժեշտությունը, որոնք որոշակի ժամանակահատված են պահանջում ։
Մինչդեռ, ինչպես նշվում է որոշման նախագծի տեղեկանք - հիմնավորման մեջ, հայկական կողմը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանություն ստեղծել: