Արմինֆո. ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերջին պաշտոնանկությունները նախաձեռնել է անձամբ վարչապետը, և սա հիմնական շշետադրումն է, որին պետք է ուշադրություն դարձնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։
Աղաջանյանի խոսքով՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները քննարկվել են կուսակցության վարչության նիստում, այդուհանդերձ, իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն անդրադարձել հնարավոր նոր նշանակումներին։
Ինչպես նշել է ՔՊ վարչության անդամը, երկու պաշտոնատար անձանց՝ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ոստիկանապետի գործունեությունը չի գոհացրելվարչապետին: Ճշտող հարցին, թե հատկապես ինչը չի գոհացրել վարչապետին, մասնավորապես, ԱԱԾ ղեկավարի աշխատանքում, որը, ի տարբերություն ազգային անվտանգության մարմնի նախկին ղեկավարների, աչքի է ընկել կոռուպցիոներների աղմկահարույց բացահայտումներով, Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ, հաշվի առնելով ԱԱԾ աշխատանքի առանձնահատկությունները, պետք չէ մանրամասնել:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչու Վալերի Օսիպյանը նշանակվեց կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդական, աշխատակազմի ղեկավարը նշել է, թե հնարավոր է ՝ վարչապետը գտավ, որ այդ կարգավիճակում նախկին ոստիկանապետն օգտակար կլինի։ "Ինչ վերաբերում է վարչապետի եւ Արթուր Վանեցյանի հայտարարությունների միջեւ որոշակի դիսոնանսին, ուզում եմ ասել, որ հրաժարականի մասին որոշումը կայացվել է Փաշինյանի կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ (Վանաձորում - խմբ.) նրա հնչեցրած հարգալից տեքստը, այդ թվում, պայմանավորված էր գեներալների հանդեպ ունեցած հարգանքով։ Եվ որպեսզի տարընթերցումներ չլինեն, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ պաշտոնանկության որոշումը կայացվել է վարչապետի կողմից և նրանց հնարավորություն է տրվել աշխատանքից ազատվելու դիմում գրել", - եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։