Արմինֆո.Երևանի սանմաքրման մենաշնորհային օպերատոր հանդիսացող "Սանիթեկի" աշխատակիցները սեպտեմբերի 18-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց օգոստոս ամսվա աշխատավարձերը:
Ցուցարարների ասելով, իրենք եկել են քաղաքապետարան ՝ պարզելու, թե իրականում "Սանիթեկի" հաշվեհամարներին վճարումներ փոխանցվել են, թե՝ ոչ։ Ցուցարարները նշել են, որ իրենք ուզում են հասկանալ, թե ով պետք է իրենց վերադարձնի այդ գումարները, իսկ եթե այդպես էլ աշխատավարձ չստանան, ում դեմ պետք է դատարան հայց ներկայացնեն: Ակցիայի մասնակիցներից մեկը նաև ընդգծել է, որ սնանկացած "Սանիթեկը" պարբերաբար ավելի քիչ է վճարել, իսկ հիմա ընդհանրապես վերջնական հաշվարկներ էլ չի տալիս։
Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, ով ներկայացրել է իրենց կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանքը, որ քաղաքապետարանը օգոստոսին "Սանիթեկին" փոխանցել է բավարար գումար (165 միլիոն դրամի փոխանցում) աշխատավարձերիի վճարման համար: Սակայն, ինչպես նշել է Կարապետյանը, քաղաքապետարանը չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ընկերությունը աշխատակիցներին չի վճարել նրանց հասանելիք գումարները։
"Այդուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի "Սանիթեկին" վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միաժամանակ, մենք կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերի վճարման պարտավորությունը կրում է բացառապես "Սանիթեկ" ընկերությունը", - ընդգծել է Կարապետյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցչի հետ կարճատեւ զրույցից հետո ցուցարարները շարժվել են դեպի "Սանիթեկի" գրասենյակ:
Այսուհետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ "Սանիթեկ" ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և "Սանիթեք Ինթերնեյշնլ" ՍՊԸ-ն չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Երևան քաղաքի ողջ վարչական տարածքում մատուցվող ծառայությունների մասով, Երևանի 12 վարչական շրջաններում աղբահանության և սանմաքրման ծառայությունները կիրականացվեն քաղաքապետարանի կողմից ձևավորված "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" հիմնարկության օգնությամբ: Միջոցը ձեռնարկվել է Հայաստանի մայրաքաղաքում աղբի ճգնաժամի կարգավորման համար։ Քաղաքում արդեն մեծ քանակությամբ լրացուցիչ տեխնիկա և նոր կոնտեյներներ ու մի քանի տասնյակ աղբահավաք մեքենա է բերվել։ Քաղաքապետարանը "Սանիթեկի" աշխատակիցներին հրավիրել է աշխատանքի իրենց ծառայություններում։
Աղբահանության խնդիրները Երևանում սկսվել են դեռևս 2018 թվականի ամռանը, իսկ 2019 թվականի գարնանը "Սանիթեկ" (Sanitek) ընկերությունը երկու անգամ տուգանվել է պարտավորությունները չկատարելու համար, ընդհանուր առմամբ, ոչ մեծ գումարով ՝ 40 մլն դրամով, մինչդեռ ամսական պայմանագրով քաղաքապետարանը ընկերության հաշվին փոխանցել է մոտ 5 մլրդ դրամ: Երևանի բնակիչները խիստ վրդովված էին ամբողջ քաղաքում կուտակված աղբից և համապատասխան ծառայությունների անգործությունից։
Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապարակավ դժգոհություն է հայտնել "Սանիթեկ" ընկերության աշխատանքի կապակցությամբ, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանքը։