Արմինֆո. Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշել է, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվել է տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը:
Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` առանձնահատուկ կարևորվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, բնապահպանական, բիոտեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մշակույթի ոլորտները: Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում երկու երկրները ձևավորել են մեծ փորձ և ներկայումս առկա է այդ ոլորտների անմիջական դերակատարներին ներգրավվելու հարթակ ձևավորելու անհրաժեշտություն՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու և փորձի փոխանակման նախաձեռնություններ մշակելու համար:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ որպես գերակայություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Առանձնահատուկ կարևորվել է այս գործընթացում միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել է Լիտվայի գործընկերների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին:
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման շուրջ: ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցությունում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է մարդկանց միջև շփումների խրախուսումը և շնորհակալություն հայտնել լիտվացի իր գործընկերոջն այդ հարցում ցուցաբերվող աջակցության համար: ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությանը և վերջինիս զարգացման տեսլականին:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: