Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և քննարկել հետագա քայլերը՝ ուղղված Համաձայնագրի լիարժեք իրագործման և արդյունավետության առավել բարձրացմանը։ Նրանք նաև քննարկել են համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև բարձրացրել են Համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններից/վիզաների կենտրոններից մուտքի արտոնագրերի համար դիմելու և ստանալու գործընթացում առկա դժվարությունները: Ներկայացվել են համապատասխան ոլորտներում արձանագրված վերջին դրական փոփոխությունները և միտումները։ Ընդգծվել է փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին և պատեհ ժամանակին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի դիտարկմանը։