Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կրկին ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել աջակցել Արցախի անվտանգությունն ապահովելու համար օգնության ավելացմանն ուղղված նախաձեռնությանը:
ANCA-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը վերադարձել են ամառային արձակուրդներից եւ պետք է ձեռնամուխ լինեն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող երկու առանցքային հայանպաստ նախաձեռնությունների քննարկմանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում նշել են, որ, առաջին հերթին, Սենատի հատկացումների կոմիտեն կքվեարկի 2020 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի արտաքին օգնության մասին օրինագծի օգտին: "Մինչեւ արձակուրդները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հավանության արժանացած երկու ուղղումներ, որոնք սենատորներին դրդում են իրենց տարբերակում ներառել արտասահմանյան օգնության մասին օրինագծի՝ նախ, Շպեյերի ուղղումը, որով առաջարկվում է լրացուցիչ 40 մլն դոլար տրամադրել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու համար, իսկ երկրորդը՝ Քոքսի ուղղումը, որը ենթադրում է շարունակել Արցախի ֆինանսավորումը՝ մարդասիրական ծրագրերի և ականազերծման նախագծերի իրականացման համար", - ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունում նաեւ տեղեկացրել են, որ բացի այդ, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հանգուցային առաջնորդները կհավաքվեն քննարկումների՝ պետական պաշտպանության մասին օրենքի (NDAA) հիմնական տարբերակի համաձայնեցման եւ հաստատման նպատակով: "Օրենսդիրներին խորհուրդ է տրվում ապահովել երկու կարևոր արցախանպաստ ուղղումների՝ Շերմանի և Չուի ուղղումների ընդգրկումը փաստաթղթի վերջնական տարբերակում, որն ուղարկվելու Է Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրությանը", - ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում: Նաև հիշեցվում է, որ Շերմանի ուղղումն արգելում է Ադրբեջանին հանձնել այն սպառազինությունը, որը կարող է օգտագործվել Արցախի քաղաքացիական ավիացիայի դեմ, Իսկ Չուի ուղղումը ենթադրում է Արցախի առաջնագծում անվտանգության մեխանիզմների ամրապնդում, այդ թվում ՝ դիպուկահարների հետքաշում:
Հայ Դատի հանձնախմբից նաեւ տեղեկացրել են, որ իրենք "երթ դեպի արդարադատություն" կազմակերպության պորտալի միջոցով (anca.org/takeaction) օրենսդիրներին կոչ կանեն ապահովեն ԱՄՆ-ի կողմից Արցախին եւ Հայաստանին տրամադրվող օգնության ընդլայնումը, ինչպես նաեւ NDAA-ի շրջանակներում առանցքային արցախանպաստ ուղղումների պաշտպանությունը: