Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախաքննության շրջանակներում ՔԿ աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին:
ՙՄասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:
Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։ Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։
Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։