Արմինֆո. Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: ՙԱյսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։
2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։ Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է», - գրել է նախարարը։
Նշենք, որ Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, սրտանոթային հիվանդությունները մահացության ցուցանիշով առաջատար են։ Հայաստանում "Stent for life" պետական ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունվարի 1-ին։ Դրան մասնակցում են այն քաղաքացիները, որոնք նախկինում չեն ընդգրկվել որեւէ խմբում, որն իրավունք ունի ինվազիվ սրտի վիրահատության: 2018 թվականի կեսերից սրտի վիրահատության ժամանակ ստենտների շտապ տեղադրում պահանջող արտակարգ դեպքերում պետպատվերի շրջանակում տեղադրվում է ոչ թե սովորական, այլ դեղորայքային ստենտ։ Ծրագրով նախատեսվում է տարեկան իրականացնել 3625 վիրահատություն (ներառյալ ռազմական և սոցփաթեթների գործողությունները)։