Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ամուլսարի հանք հարցում ժողովրդի կողքին է: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով ՝ իր կուսակցության դիրքորոշումը հայտնի է, այն բազմիցս հնչեցվել է եւ փոփոխությունների չի ենթարկվել։ <Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի բնակչության կարծիքը։ Եթե համաձայնություն լինի, հանքը կարելի է բացել։ Բայց եթե համաձայնություն չլինի, պետք չէ դա անել։ Ինչպե՞ս կարելի է անտեսել տեղի բնակչության կարծիքը։ Մենք այսօր ասում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է որոշի՝ հանքավայրը շահագործվի, թե՞ ոչ ։ Պետք է բոլոր փաստարկները ներկայացնել ժողովրդին և համաձայնություն ստանալ>, - ասել է Ծառուկյանը ։
Լրագրողի դիտարկմանը, թե այս դեպքում պետք չէ հաշվի առնել բիզնեսի շահերը՝ նա ասել է, որ պետք է հաշվի առնել բոլոր գործոնները, բայց առաջնային պետք է լինի ժողովրդի որոշումը։
Նա նաեւ համոզված է, որ ոչ մի լավ բան տեղի չի ունենա, եթե ժողովրդի կարծիքը անտեսվի եւ հանքը սկսի շահագործվել, չէ որ
իզուր չէ, որ այդքան խոսվում է ժողովրդավարության մասին: <Իշխանություններն էլ տեսնում են, որ խնդիրներ կան։ Իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերի առջև։ Պետք է բացատրել ամեն բան ժողովրդին, և հարցը լուծել>, - նշել է Ծառուկյանը։
Հարցին, թե Հայաստանն ունի շանս զարգանալու առանց հանքարդյունաբերության, եւ եթե այո, ապա ինքը պատրաստ է փակել իր հանքերը, Ծառուկյանը պատասխանել է. <Դուք դրանում երբեք չկասկածեք: Մենք ունենք երկու ձեռնարկություն. մեկը Արարատի ցեմենտի գործարանն է, մյուսը՝ Մղարթի ոսկու հանքը: Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, և մենք չկարողանանք կարգավորել հարցը ժողովրդի հետ, ոչ մի վայրկյան չկասկածեք, որ դրանք չեն աշխատի>:
Այս համատեքստում Ծառուկյանը նշել է, որ Մղարթի հանքն արդեն 7 տարի չի աշխատում, ուսումնասիրություն է կատարվում: <Երկրորդ՝ մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, որը վտանգավոր է ինչպես կենդանական աշխարհի, այնպես էլ մարդկանց համար: Բայց եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը, այն չի աշխատի>,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հանքարդյունաբերության բարիքներից օգտվում են ամբողջ աշխարհում, զարգացնում ու հարստացնում են սեփական տնտեսությունները, բայց նաև բնակչությունը պետք է օգտվի այդ բարիքներից: