Արմինֆո. Հայ-իրանական օրակարգը, ի վերջո, պետք է անցնի գործնական հարթություն ՝ առանց հաշվի առնելու այդ կապակցությամբ Հայաստանի նկատմամբ որեւէ ճնշում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
"Հայաստանի նկատմամբ ճնշումն այսօր ակնհայտ է։ Այդ մասին խոսվում է պաշտոնական մակարդակով, այդ են վկայում բանկային ոլորտում առկա գործընթացները, իրանական ավիափոխադրողի հեռանալը հայկական շուկայից եւ այլն: Հասկանալի է, որ այս ամենը մեր շահերից չի բխում, սակայն, միեւնույն ժամանակ, ցանկացած պատժամիջոց ստեղծում է նաև նոր հնարավորություններ ։ Առկա պայմաններում Հայաստանի նշանակությունն Իրանի համար էապես աճում է։ Եվ Հայաստանն, իր հերթին, պետք է օգտագործի բացվող հնարավորությունները սեփական առաջխաղացումն ու անվտանգությունն ապահովելու նպատակով", - ընդգծել է նա:
Իրանագետի գնահատմամբ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն, ինքնըստինքյան, Երեւանին թելադրում է Թեհրանի կողմից իր տեսակի մեջ բացառիկ հարաբերությունների ստեղծման եւ ամրապնդման հայեցակարգը։ Ասել է թե ՝ հայկական դիվանագիտությունը բոլոր ջանքերը պետք է գործադրի ԱՄՆ գործընկերների հետ փոխըմբռնման այնպիսի մակարդակի հասնելու համար, որը բացառում է ցանկացած արտաքին գործընթաց հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին։
Այս լույսի ներքո փորձագետն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցը դիտարկում է որպես հայ-իրանական օրակարգի համար չափազանց կարևոր հնարավորություն՝ դրա զարգացման տարբեր ուղղություններով մի շարք լուրջ քննարկումներ անցկացնելու համար: Դրանց թվում Ոսկանյանը նշել է Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջանցքի ձեւավորմանը Հայաստանի մասնակցության քննարկումը։
Իրանագետի համոզմամբ՝ "Հյուսիս-հարավ" ավտոմայրուղու կառուցումը, Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի քննարկումն ու իրականացման սկիզբը բխում են ոչ միայն Հայաստանի տնտեսական շահերից, այլև կարող են ամրապնդել երկրի աշխարհաքաղաքական դիրքերն ու տեղը՝ նոր հնարավորություններ ստեղծելով թուրք-ադրբեջանական շրջափակումը հաղթահարելու համար: Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան օրերս ազդարարել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին: Նրա խոսքով ՝ Իրանի նախագահն առաջիկա շաբաթներին Հայաստան կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: