Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը չի ենթադրում նրա խափանման միջոցի փոփոխություն։ "Հեռանկար" հաղորդման եթերում նման համոզմունք է հայտնել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրել է, որ ՍԴ-ն քննարկել է ՔՕ երկու հոդվածների սահմանադրականության հարցը ։ "ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է կալանքի հարցը քննարկելիս կասկածի հիմնավորվածության ստուգմանը ։ Այսպիսով, ըստ ՍԴ որոշման, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը չի կարող բարձրացվել", - հավաստիացրել է նախարարը, միաժամանակ ընդգծելով, որ ՍԴ որոշման վերաբերյալ վերջնական եզրակացություններ կարելի է անել միայն հայցի վերաբերյալ ամբողջական եզրակացության հրապարակումից հետո։
Ընդ որում, նախարարը ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, որ ՍԴ նիստի ժամանակ դատավորներից մեկը բարձրացրել է հայցը քննարկելիս դատարանի երեք անդամների մասնակցության անհնարինության հարցը՝ ելնելով որոշակի օբյեկտիվ հանգամանքներից ։ "Սակայն ՍԴ-ն չի քննարկել այդ հարցը, ինչը տարբեր կասկածներ է առաջացնում", - նշել է նախարարը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանը մասնակիորեն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հայցը. ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, քանի որ չի նախատեսում Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ անձեռնմխելիություն՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում:
"Սույն հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին հակասող", - ասված է ՍԴ որոշման մեջ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու մասին Քոչարյանի պաշտպանների երկրորդ դիմումի առնչությամբ ՍԴ-ն այն ճանաչել է երկրի հիմնական օրենքին համապատասխանող։ Այսպիսով, ՍԴ-ն որոշել է, որ Սահմանադրության 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախօրեին կայացված վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ասել է, որ ՍԴ երկու դատավորներ ՝ Արման Դիլանյանն ու Ֆելիքս Թոխյանը, ունեն հատուկ կարծիք, իսկ ՍԴ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում:
Հիշշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախօրեին որոշ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ ՍԴ-ի որոշումը ենթադրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան մինչև դատարանի վճիռը ազատ արձակելու որոշում: