Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայ փրկարարներին մասնագիտական տոնի՝ փրկարարի օրվա առթիվ: Սեպտեմբերի 4-ին ելույթ ունենալով Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի ԱԻՆ ստորաբաժանումներն աննախադեպ նվիրվածություն են ցուցաբերել հանրապետության տարածքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին:
Վարչապետն ընդգծել է, որ այս տարի այդ օրը նշվում է հատուկ պայմաններում, քանի որ երկրի բոլոր քաղաքացիները ականատես են եղել հրդեհի օջախների դեմ քաջաբար մարտնչող հրշեջ-փրկարարների լայնածավալ աշխատանքներին: "Մենք կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի Փրկարար ծառայության աշխատակիցները, ԱԻՆ աշխատակիցները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող են մեր երկիրն ու ժողովրդին կանգնեցնել բավական լուրջ մարտահրավերների առաջ", - ասել է Փաշինյանը: Նա կրկին շնորհակալություն է հայտնե ԱԻՆ աշխատակիցներին կատարած անձնվեր աշխատանքի համար, հույս հայտնելով, որ այսուհետ ևս ՓԾ ստորաբաժանումները նույնքան նվիրված կլինեն իրենց աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԻՆ-ի գործունեության կանխարգելիչ ուղղության հետագա ամրապնդումը: Նա ընդգծել է արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղաքացիների շրջանում հրդեհային անվտանգության գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը:
"Նոր ժամանակներում կլիմայի փոփոխության հետ կապված մենք կանգնում ենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առջեւ, եւ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու, արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում", - ասել է Փաշինյանը, նշելով, որ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողների սոցիալական պաշտպանվածության վրա:
Վարչապետն ընդգծել է, որ ԱԻՆ Փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ գնահատել և լիովին գիտակցել, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել նրա, թվում է, անմեղ վարքագիծը:
Վարչապետի ելույթից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարգեւատրման հանդիսավոր արարողություն են անցկացրել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պարգևատրվել է արդյունավետ համագործակցության մեդալով: